Մարդկության պատմությունը վերջին 100-150 տարում ռեսուրսների համար լոկալ պայքարից աստիճանաբար վերածվում է գլոբալ պայքարի։
Առաջին աշխարհամարտի բուն պատճառը որոշ ուշացումով պատմական ասպարեզ մտած ու հզորացած Գերմանիայի հավակնություններն էին կենսական ռեսուրսների նկատմամբ, որոնց արդեն մեծ մասամբ տիրում էին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։
Գերմանիայի պարտությունը և բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանում ստեղծեցին նոր իրավիճակ Եվրոպայում, բայց անկոմպրոմիս գոյապայքարում ռեսուրսների բաժանման հետ կապված պրոբլեմը մնաց նույնը՝ ավելի սրված տեսքով։
Մի կողմից՝ Գերմանիան տեսավ, որ կոմունիզմի դեմ պայքարի պատրվակով ինքը կարող է շարժվել դեպի Արևելք ու տիրանալ ՍՍՀՄ-ի ռեսուրսներին, առանց սուր պայքարի մեջ մտնելու Անգլիայի ու Ֆրանսիայի հետ, մյուս կողմից էլ, Արևմուտքը մտածում էր Գերմանիայի ձեռքերով երկու շագանակ հանել կրակից՝ արմատախիլ անելով բոլշևիզմը ու տիրանալով Ռուսաստանի անբավ ռեսուրսներին, որը հետագայում կարող էր անցնել նույն Արևմուտքին։
Արևմուտքը ենթադրում էր նաև, որ երկու ապստամբ ուժերին, այն է՝ Գերմանիային և բոլշևիկյան Ռուսաստանին իրար հետ բախելով ու երկուսին էլ թուլացնելով, շատ ավելի հեշտ կլինի տիրանալ Կարպատներից մինչև Խաղաղ օվկիանոս ձգվող անսպառ ռեսուրսներին։
Այս իմաստով արժի մեկ անգամ ևս վերհիշել բրիտանացի աշխարհագրագետ Մակինդերի Հարթլանդի տեսությունը (Mackinder’s Heartland theory, 1904), որտեղ Heartland ասելով հիմնականում հասկացվում էր Ռուսական կայսրության ամբողջ տարածքը։
Հակիրճ ձևով այդ տեսությունն ասում էր, որ ով տիրում է Արևելյան Եվրոպային, նա տիրում է Heartland-ին, իսկ ով էլ տիրում է Heartland-ին, նա էլ տիրում է աշխարհին։
Բայց երկրորդ աշխարհամարտի արդյունքում ՍՍՀՄ-ը չպարտվեց և տիրացավ նաև Արևելյան Եվրոպային, որով Արևմուտքի սպասելիքները այս հարցում չարդարացան, իսկ դրանից հետո էլ տեղի ունեցավ ՍՍՀՄ-ի փլուզումը և Ռուսաստանի վերածնունդը որպես գերտերություն։
Պետք է ասել, որ ռեսուրսների համար մղվող պայքարի գնալով ավելի թեժացման պայմաններում Heartland-ի տեսության շրջանակներում առաջ քաշված պրոբլեմները առ այսօր մնում են ուժի մեջ, միայն այն տարբերությամբ, որ ուժային դաշտում ավելացել է նաև Չինաստանը, որը 1904-ին դեռևս լուրջ գործոն չէր։
Պավել Բարսեղյան